среда, 15 апреля 2015 г.

Անթառամ ծաղիկներ

Այդ օրը այնքան երջանիկ էի.վերջապես կատարվել էր իմ երազանքներից մեկը: Դա կյանքիս այն երջանիկ պահն էր,որը երբեք չէի ցանկանա մոռանալ:
  Ամառային պայծառ օր էր,արևի ոսկեզօծ շողերը ժպիտ էին պարգևում ամեն մի քարի,թփի.շրջապատում ամեն ինչ փայլում էր: Ես նույնպես փայլում էի,բայց ոչ թե արևից,այլ երջանկությունից:Բարձր տրամադրությամբ զբոսնում էի ու հիանում բնության հրաշքներով: Աչքիցս չէին վրիպում ոչ մի ծառ,ոչ մի ծաղիկ,կարծես երջանկությունը աչքերս բացած լիներ,ու նոր էի նկատում բնության ողջ գեղեցկությունը: Քայլելու ընթացքում տեսա գեղեցիկ ծաղիկներ ու որոշեցի քաղել ու տուն տանել: Բայց մի պահ վարանեցի ու մտածեցի,թե ինչու ցավեցնեմ նրանց,եթե տանը ընդամենը մի քանի օր են մնալու,ավելի լավ է իրենց մայր հողի գրկում մնան: Սակայն երբ ուզում էի հեռանալ,փոշմանեցի ու քաղեցի,քանի որ անչափ գեղեցիկ էին, ու ես չէի կարող անտարբեր անցնել նրանց կողքով: Մի գեղեցիկ փունջ պատրաստեցի ու տեղավորեցի սենյակումս: Ամեն առավոտ արթնանալիս հրճվում էի դրանցով: Բայց անցավ ևս մի քանի օր,և դրանք սկսեցին թոշնել,սակայն ես չէի ուզում դրանք դեն նետել: Որոշեցի նրանց թերթիկները առանձնացնել ու պահել:Դրանք պահեցի իմ ամենասիրելի գրքի էջերում...
 Անցել էին տարիներ, ու երբ մի օր տխուր նստած էի,որոշեցի սիրելի գիրքս կարդալ: Բացեցի գիրքը ու երբ թերթեցի մի քանի էջ,տեսա ծաղկի թերթիկները: Դեմքիս հայտնվեց լայն ժպիտ,ու հիշողությունների մի ամբողջ փունջ պատեց հոգիս...հիշեցի այն ամառային երջանիկ օրը,ծաղիկները ու այն ամենը,ինչ կապված էր այդ հիասքանչ օրվա հետ:
  Թերթիկները գրքի մեջ պահելիս երբեք չէի կարող մտածել,որ դրանք մի քանի տարի հետո ինձ կրկին երջանկացնելու են: հիմա շատ ուրախ եմ,որ այն ժամանակ պահեցի այդ ծաղիկները,որոնց շնորհիվ և` անցյալում,և`հիմա երջանակնում եմ:

Комментариев нет:

Отправить комментарий