четверг, 31 декабря 2015 г.

Ամանորի գիշերվա խոհեր


Դրսում հորդառատ ձյուն է: Տանը մենակ եմ: Մոտեցա հյուրասենյակի պատուհանին ու նկատեցի դիմացի փողոցի լապտերի հազիվ նշմարվող լույսը: Այս հեքիաթային մթության մեջ, գեղեցիկ օրորվելով, իջնում էին ձյան ճերմակ փաթիլները:
 Տաք թեյը ձեռքիս էր, որի գոլորշին պատեց լուսամուտը, և էլ ոչինչ չէր երևում. չէին երևում դրսում տիրող հանգստությունը, ձյան փաթիլների պարը: Հեռացա պատուհանի մոտից և նստեցի տոնածառի կողքին: Ակամայից սկսեցի վերհիշել անցյալ տարվա նորամուտը, որքան հիանալի էր, որքան երջանիկ էի ես այն տարի, ամբողջը կարծես հեքիաթ լիներ, ու ամենահիանալին այն էր, որ իմ բոլոր երազանքները իրականացան հենց այդ ամանորյա հրաշքի շնորհիվ: Ես դեռ շարունակում եմ սիրել այս տարին. չէ՞ որ այն դեռ չի ավարտվել, դեռ մի քանի ժամ կա մինչ նրա ավարտը: Բայց ես իմ մեջ զգում եմ փոփոխություն, ես էլ առաջվանը չեմ, գուցե մեկ տարով մեծացել եմ, գուցե հիմա մենակ եմ, չգիտեմ, միայն գիտեմ մի բան. ինչ-որ բան փոխվել է: Դեռ անցյալ տարի ընտանիքիս անդամների հետ անհամբերությամբ րոպեներն էի հաշվում, թե երբ են հնչելու Նոր տարվա սկիզբը ազդարարող զանգերը, իսկ այժմ, միայնակ նստած տոնածառի կողքին, խմում եմ թեյս ու խորհում: Նայելով ժամացույցին` տեսա, որ մնացել է ընդամենը հինգ րոպե մինչ նորամուտը: Վեր կացա տեղիցս և կրկին մոտեցա պատուհանին ու քարացա, ստեղծվաց պատկերը ինձ զարմացրեց. դա թեյի գոլորշին էր հեքիաթային կերպով սառչել ու մի այլ աշխարհ ստեղծել հենց իմ պատուհանի վրա, որով անդադար ես հիանում էի: Կարծես այն իմ առջև պատկերել էր իմ կյանքի լավագույն պահերը, այն պահերը, որոնց մասին  քիչ առաջ խորհում էի, և այս առեղծվածային պատկերը հեղափոխեց ինձ...այժմ միանության մեջ ոչ թե տխրում եմ, այլ երջանիկ եմ զգում ինձ:

Комментариев нет:

Отправить комментарий